Մենք շարունակում ենք մնալ ռադիկալ ընդդիմություն, և ես վստահ եմ, որ մեր քաղաքացիները կգնահատեն մեր գործողությունները, որոնք սպասել չեն տա․ Հայկ Մամիջանյան
Կա մի պարզ տրամաբանություն։ Այն գործընթացները, որոնք ծավալվում են Արցախի և Հայաստանի շուրջ այս պահին, ամենայն հավանականությամբ, վաղ թե ուշ, հանգրվանելու են Ազգային ժողովում և Սահմանադրական դատարանում։ Ինչպես մենք բազմիցս նշել էինք, փողոցային պայքարը և խորհրդարանական աշխատանքը իրար բացառող գործընթացներ չեն։ Մենք դա ասել ենք մանդատները վերցնելիս արտահերթ ընտրություններից հետո, և մենք շարունակում ենք մնալ նույն կարծիքին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ իրենք թույլ չեն տա, որպեսզի այս հնարավորությունները՝ հակահայկական այս կամ այն զարգացումները կանխելու, իրացնելու գործիքներ չունենան։
«Ուստի, խորհրդանական ընդդիմությունը, մասնավորապես՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, երբեք էլ չի դադարեցրել խորհրդարանական աշխատանքները։ Նույնիսկ ամենաթեժ ցույցերի պահերին, միջազգային ֆորմատով աշխատում էինք խորհրդարանում։ Ռադիկալ ընդդիմություն լինելն ասելով չէ։ Մենք շարունակում ենք մնալ ռադիկալ ընդդիմություն, և ես վստահ եմ, որ մեր քաղաքացիները կգնահատեն մեր գործողությունները, որոնք սպասել չեն տա»,- նշեց Մամիջանյանը։