Ես չէի հասկանում՝ Փաշինյանին եմ լսո՞ւմ, թե՞ Ալիևին․ ոնց խմբագիր կար, էդպես էլ մնացել է․ Մամիջանյանը՝ Փաշինյանի մասին
Շատ ավելի վատ զարգացումներ կան և դրանց մասին բարձրաձայնում են ոչ միայն սահմանադրագետներրը, այլ նաև մենք։ Նշեմ, որ 30 տարի շարունակ, բանակցային գործընթացում երբևէ Ադրբեջանի կողմից որպես կռվան, որպես փաստարկ, չի ներկայացվել Ալմա-Աթայի համաձայնագիրը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի՝ ճղճիմ քաղաքական մանիպուլյացիաներ իրականացնելու նպատակով ներքաղաքական դաշտ բերված 2 թեզերը, այն է՝ Ալմա-Աթայի, համաձայնագիրը, որը երբեք չի հիշատակվել և աղերս չունի գործընթացի հետ, ինչպես նաև Փաշինյանի կողմից սիրված ցնդաբանությունը՝ կապված 2010թ․-ի վարչատարածքային բաժանման օրենքի հետ կապված, վաղ թե ուշ դառնալու է Ադրբեջանի կողմից հերթական կեղծ կռվանը։
«Իսկ գագաթնակետն ուրբաթ օրը Փաշինյանի տված ինքնասուլիսի, ինքնահարցազրույցի ժամանակ ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 բանաձևի հիշատակումն էր։ Յուրաքանչյուր անձ, որը երբևէ հասարակական կամ քաղաքական բանավեճ է ունեցել ադրբեջանցու հետ՝ ցանկացած մակարդակում, գիտի, որ Ադրբեջանի թիվ 1 կեղծ կռվանը ՄԱԿ-ի 4 բանաձևերն են, որոնք ա/ այս պահին ռելևանտ չեն և բ/ առհասարակ ՀՀ-ն այդ 4 բանաձևով ունի 1 հանձնառություն, որը պատվով ժամանակին իրականացրել է։ Այսինքն՝ Փաշինյանը ոչ միայն անզգուշությամբ թուրքական տեղանունների անվանումով, հայկական գյուղերը թուրքական, ադրբեջանական անվանելով պրոբլեմներ է ստեղծում հայկական դիվանագիտության համար, այլ նաև արել է մի շարք հայտարարություններ, որոնք հարստացնում են Ադրբեջանի կեղծ փաստարկների զինանոցը։ Ալմա-Աթան դրա վառ օրինակն է։ Իսկ ուրբաթ օրը բանաձևերի հիշատակումը լսելիս, ես չէի հասկանում Փաշինյանի՞ն եմ լսում, թե՞ Ալիևին, որովհետև փաստացի դա մաքուր ալիևական թեզ էր: Էլ չեմ խոսում Մադրիդյան սկզբունքները կասկածի տակ դնելու մասին»,- ասաց Մամիջանյանը և հավելեց, որ Փաշինյանը ոնց խմբագիր կար, էդպես էլ մնացել է։