Արցախից տեղահանված քաղաքացիները խնդրագիր հանձնեցին Ֆրանսիայի դեսպանատուն
Պետք է հասկանալ՝ ազատվել Արցախից նշանակում է ունենալ Ջերմուկի իրավիճակ։ Այս մասին Ֆրանսիայի դեսպանատան դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրիյանը։
Արցախցիներն եկել էին խնդրագիր հանձնելու դեսպանատանը։ Լևոն Հայրիյանը նշեց, որ այն ստորագրել է ավելի քան 1700 քաղաքացի ամբողջ աշխարհից՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Լեհաստանից, Գերմանիայից, Սուդանից և այլն:
«Մենք վստահ ենք, որ Ֆրանսիայի Սենատի բանաձևն ամուր հարթակ կդառնա Ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի կարգավորման համար»,- ասաց Հայրիյանը։
Նա ներկայացրեց, թե ինչ է գրված խնդրագրում։
«Մենք` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալներս, մեր երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի Սենատին, երկրի քաղաքական ուժերին և անձամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում իրենց դիրքորոշման համար: Մենք ողջունում ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար գրաասենյակ բացելու մտադրությունը: Հուսով ենք, որ այս նախաձեռնությունը վերջինը չի լինի, հատկապես որ դա պահանջում է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:
Մենք վստահ ենք, որ Ֆրանսիայի Սենատի բանաձևն ամուր հարթակ կդառնա Ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի կարգավորման համար»,- ասված է պետիցիայի մեջ: