Քերոբյանից 2 օր է՝ Լարսի հարցով չեմ կարողանում հիմնավոր պատասխան ստանալ. Գառնիկ Դանիելյան
Շուրջ 1200 բեռնատար այս պահին, 5-6 կիլոմտերանոց հերթում արդեն տևական ժամանակ կանգնած է Վրաստանի մայրաքաղաքի մատույցներում, որոնց թույլ չեն տալիս շարունակել երթևեկը դեպի Վերին Լարս ու հետագա ժամանման վայրեր։ Այս մասին ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Պատգամավորը նշել է. «Սիրելի հայրենակիցներ
Այսօր եմ պաշտոնապես ստանձնել Ազգային ժողովի պատգամավորի լիազորություններս և չէի ցանկանա հապշտապ մոտենալ Խորհրդարանի ամբիոնին։
Սակայն ստեղծված իրավիճակը թելադրում է դա անել։ Ազգային ժողովի այս բարձր ամբիոնից դիմում եմ բեռնափոխադրող մեր հազարավոր հայրենակիցներին, որոնք այս պահին շատ դժվար վիճակում են հայտնվել։
Շուրջ 1200 բեռնատար այս պահին, 5-6 կիլոմտերանոց հերթում արդեն տևական ժամանակ կանգնած է Վրաստանի մայրաքաղաքի մատույցներում, որոնց թույլ չեն տալիս շարունակել երթեւեկը դեպի Վերին Լարս ու հետագա ժամանման վայրեր։
Բացակայում են տարրական կենցաղային պայմանները, թույլ չի տրվում բեռնատարներին վերադառնալ անգամ Հայաստան։ Ամենօրյա ռեժիմով կապի մեջ եմ վարորդների հետ։
Այդ արգելքի պատճառով փչանալու վտանգի առաջ են մեր տասնյակ հազարավոր գյուղացիների քրտինքով մշակված գյուղմթերքները, այլ ապրանքներ, տապալման վտանգի առաջ են բազմաթիվ միջազգային առևտրային պայմանագրեր, ինչն էլ իր բացասական հետևանքն է ունենալու հայ ձեռներեցների և արտադրությունների համար։
Ադրեն երկու օր է, ինչ չեմ կարողանում որևէ հանգնամանալից բացատրություն ստանալ ոլորտի ենթադրյալ պատասխանատու՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից։
Դա մեղմ է ասված, նրա հետ կապվել անգամ չի հաջողվում։
Այսօր մեր հայրենակիցներին որևէ հանգամանալից, հոդաբաշխ բացատրություն չի տրվում։
Ավելին, ոչ պաշտոնական զրույցներում՝ թաքցնելու համար սեփական անզորությունը, սեփական քաղաքացիների, տնտեսվարողների, գյուղացիների շահերը պաշտպանելուն կոչված կառավարության պարտականությունների չկատարման պատճառաբանություն բերում են այլ երկրների, մասնավորաբար Ռուսաստանի Դաշնության սահմանափակումներն ու դիրքորոշումները։
Իշխանությունը, կառավարությունը հենց դրա համար է, որ կարողանա լուծել իր քաղաքաքացիների հարցերը, նաև արտաքին ճակատում կարողանա խնդիրները կարգավորել։
Հակառակ դեպքում ստացվում է ուղղակի մի խայտառակ վիճակ՝ իշխանությունը հայտարարում է, թե անկարող է բոլոր հարցերում՝ զենքի գնումից, սեփական երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելուց մինչեւ հայ գյուղացու, բեռնափոխադրողի, արտադրողի տարրական շահերը պաշտպանելը։
Կարելի է ամեն օր մանիպուլացնել սեփական հասարակությանը, հայտարարել տարածաշրջանում կոմունիկացիաները բացելու մասին, բայց եղածն անգամ չեն կարողանում ապահովել։ Բա ի՞նչ եք կարող անել»։