Արմեն Աշոտյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով. Տիգրան Աթանեսյան
Արմեն Աշոտյանին մեղադրանք է ներկայացվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը.
«Արմեն Աշոտյանին մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական դիրքի չարաշահում և չեք հավատա` փողերի լվացում, իրենց սիրելի հոդվածն է։ Ես չեմ կարող մեկնաբանել մի բան, որը կապ չունի քրեաիրավական գիտության հետ, սա նոնսենս չէ, սա աբսուրդ չէ»,֊ասաց Աթանեսյանը։
Նա ասաց, որ այդ մեղադրանքը կարելի է պահել որպես նիկոլական արդարադատության հուշարձան։
«Այս որոշման իրական հեղինակները ճիշտ կանեն իրենց դիպլոմները վառեն: Հաշվարկ են արել և փողերի լվացման մեջ են մեղադրել, որովհետև մտածել են, որ արտերկրից Արմեն Աշոտյանին կարող են պաշտպանել և պետք է ներկայացնել աղմկոտ հոդվածը»,-ասաց Աթանեսյանը:
Հիշեցնենք, որ քրեական գործն առնչվում է Բժշկական համալսարանին, որտեղ, ըստ իրավապահների, ՊՎԾ֊ն չարաշահումներ է հայտնաբերել դեռ 2018֊ին։ Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նշված համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը։