Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային 2 շենքերի բնակիչները վաղը Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անելու
Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային 2 շենքերի բնակիչները վաղը Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անելու։ Վթարային շենքերի բնակիչները տարիներ անց շարունակում են բարձրաձայնել իրենց տների անմխիթար վիճակի մասին և պահանջում, որ Կառավարությունը վթարային շենքերում ապրող 22 ընտանիքներին էլ ֆինանսավորի, ինչպես դա արեց 2015 թվականին՝ իրենց հարևանությամբ վթարային մեկ այլ շենքի բնակիչների դեպքում։
«Էն ժամանակ մեզ ասացին, որ եռամսյակ-եռամսյակ մյուս երկու շենքերի ընտանիքներին էլ գումար կհատկացնեն, 7 տարի է՝ սպասում ենք, տառապում, բայց անարդյունք։ Օրեցօր էդ շենքերի վիճակը վատանում է, ինչքան դուրսն է անձրև գալիս, էդքան էլ՝ ներսը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչ Մկրտիչը։
Բնակիչները վերջին անգամ բողոքի ակցիաներ էին արել 2019 թվականի գարնանը։ Նրանք նույնիսկ փակել էին գյուղի դպրոցի մուտքը և պահանջել հրատապ լուծել իրենց խնդիրը: Այն ժամանակ մի քանի անգամ հանդիպել էին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ, որն այժմ զբաղեցնում է փոխվարչապետի պաշտոնը։
«Այն ժամանակ առաջարկ էր եղել տեղափոխվել Լենուղի գյուղի ամբուլատորիայի տարածք, բայց մերժել էինք առաջարկը, որովհետև այդ տարածքը փոքր է 22 ընտանիքի համար, բացի այդ կենցաղային պայմաններ չկան։ Նույն վթարային շենքն էլ նա էր։ Իրենք էլ համոզվեցին, որ հնարավոր չէ էդտեղ ապրել։ Բան էր ասացին ու անցավ թեման։ Էն ժամանակ ասացին, որ Կառավարությունը պետք է գումար հատկացնի, որ իրենք էլ տրամադրեն այդ գումարը մեզ, բայց մինչև այս պահը մեր վերաբերյալ էդպես էլ որոշում չկայացվեց։ Մարզպետն էլ դարձավ փոխվարչապետ, մտածեցինք, որ ինչ–որ բան կանի, բայց անարդյունք։ Նոր մարզպետի՝ Էդուարդ Հովհաննիսյանի հետ էլ ենք զրուցել, ասում է՝ «խնդիրը ներկայացրել եմ Կառավարությանը, բայց ինձնից կախված բան չկա», մենք հիմա չգիտենք՝ ո՞ւմից է կախված էս հարցը։ Որ պաշտոնյայի հետ խոսում ես, ասում են՝ գումարի խնդիր չկա, բա էդ դեպքում ի՞նչ խնդիր կա։ Մեր իշխանությունը ինչո՞վ է մտածում՝ ոտքո՞վ, թե՝ ուղեղով։ Սրանց չի հետաքրքրում մարդկային կյանքը, 22 ընտանիք կա, ամեն մի ընտանիք 3-ից 4 երեխա ունի։ Ծրագիր են ներկայացրել, որ մեր գյուղում մանկապարտեզ կառուցվի։ Շատ ողջունելի է, ուրախ եմ դրա համար, որովհետև ես իմ 4 երեխաներին տանում եմ հարևան գյուղի մանկապարտեզ, բայց եթե էսօր էդ շենքն իմ երեխու վրա փլվում է, կյանքին վտանգ է սպառնում, ինձ հետաքրքիր չէ մանկապարտեզը։ Առաջնայինը պետք է լուծել կյանքին վտանգ սպառնացող խնդիրները, հետո մյուսները»,– նշեց վթարային շենքում 32 տարի ապրող Մկրտիչը։