Ռուսաստանը կենսաբանական զենք է մշակում. ԱՄՆ
Ռուսաստանը հարձակողական կենսաբանական զենքի ծրագիր ունի։ Այս մասին Կոնգրեսին ուղղված զեկույցում ասել է Միացյալ Նահանգների ներքին անվտանգության քարտուղար Ալեխանդրո Մայորկասը, գրում են ռուսական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը գործում է 1975 թվականի կոնվենցիայի խախտումով, որն արգելում է մանրէաբանական զենքի մշակումը, արտադրությունը և պահեստավորումը։ Բացի դրանից, դրանով զբաղվում են նաև այլ հակառակորդ երկրներ, որոնցից են Չինաստանը, Իրանը և ԿԺԴՀ-ն։
«Այն փաստը, որ նման տեխնոլոգիաները երկակի օգտագործման տեխնոլոգիաներ են, դժվարացնում է քաղաքացիական բժշկական հետազոտությունների և կենսաբանական զենքի մշակման միջև տարբերակումը, ինչպես նաև մեծացնում է վտանգավոր կենսանյութերի ոչ միտումնավոր արտահոսքի վտանգը»,- ասաց պաշտոնյան: