Արսեն Բաբայանը կարծում է, որ պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողով պետք է ստեղծվի
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդարանական ընդդիմությունը որոշեց վերադառնալ խորհրդարան, այսօր ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ Ունեմ» խմբակցություններին եմ ուղարկել («ԱՄԱՐԱՍ» փորձագիտական կենտրոն ՀԿ-ի գործունեության շրջանակներում) պատգամավորի կողմից պաշտոնավարման ընթացքում էթիկայի կանոնների խախտման առթիվ «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծելու մասին միջնորդություններ։ Այս մասին Տելեգրամում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Նախկինում դա չէի արել հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված խմբակցությունները որոշում ունեին բոյկոտել խորհրդարանական աշխատանքները։
Դեպքը վերաբերվում է 2022 թվականի սեպտեմբերի 15-ին խորհրդարանում ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանի կողմից լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ դրսևորած վարքագծին (միջնորդությունները կցվում են)։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ նույն օրը տեղի ունեցած առերևույթ հանցագործությունների առթիվ մեր ներկայացրած հաղորդմամբ քրեական վարույթ չնախաձեռնելու դեմ բերված բողոքը մերժվել է Երևան քաղաքի դատախազի կողմից։ Այդ առնչությամբ բողոք ենք ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան»,- գրել է Բաբայանը։