Ադրբեջանը ՀԱՊԿ-ում ավելի շատ ընկերներ ունի, քան՝ Հայաստանը. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ավելի շատ ընկերներ ունի, քան՝ Հայաստանը:
Ալիևը նման հայտարարություն է արել «Նոր Ադրբեջան» կուսակցության 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, հայտնում է ԱՊԱ-ն։
«Մենք ՀԱՊԿ անդամ չենք, Հայաստանն այս կազմակերպության անդամ է, և այս կազմակերպության միջոցով նպատակ ուներ անհիմն պահանջ ներկայացնել Ադրբեջանի դեմ, փաստորեն, ուզում էր այդ կազմակերպության անդամ երկրներին իրար դեմ հանել։ Սա մեծ սադրանք է և մեծ հանցագործություն։ Սակայն այս կազմակերպության մյուս անդամները չեն ենթարկվել սադրանքին։ Իսկ ոմանք իրենց ելույթներում Հայաստանին այնպիսի դրության մեջ են դնում, որ այսօր էլ Հայաստանում չեն կարողանում մոռանալ դա։ Այսինքն՝ մենք այս կազմակերպությունում ավելի շատ ընկերներ ունենք, քան Հայաստանը»,-ասել է նա: