Սահմանադրական դատարանում իրավիճակ է փոխվելու․ ովքեր կփոխարինեն հեռացող դատավորներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«ՀՀ Սահմանադրական դատարանում իրավիճակ է փոխվելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դեկտեմբերի 10-ից հետո բարձր դատարանին հրաժեշտ են տալիս ՍԴ անդամներ Արեւիկ Պետրոսյանն և Աշոտ Խաչատրյանը, որոնք ՍԴ անդամ են ընտրվել նախկին իշխանության օրոք և հիմա նրանց պաշտոնավարման 12 տարին լրանալու հիմքով՝ դեկտեմբերի 10-ին հեռանալու են:
Նրանց կփոխարինեն ներկայիս քաղաքական իշխանության «սրտի դատավորներ» Սեդա Սաֆարյանը և Հովակիմ Հովակիմյանը, որոնք սեպտեմբերի 15-ին ԱԺ-ի կողմից 65 ձայներով ընտրվեցին ՍԴ անդամներ: Նկատենք, որ Հովակիմ Հովակիմյանը ներկայումս զբաղեցնում է ՀՀ նախագահի նստավայրի իրավաբանական վարչության պետի պաշտոնը:
Սեդա Սաֆարյանը Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչն է՝ փաստաբան։ Ավելին՝ «Ժողովուրդ » օրաթերթի տեղեկություններով ՍԴ-ում քննվող որոշ գործեր կանգ են առել ու ըստ լուրերի՝ սպասում են նոր անդամների գալուն, որը թույլ կտա ձեւավորել միատեսակ դիրքորոշում՝ կոլեգիալ որոշումներ կայացնելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: