Թուրքական բանակը կարող է ցամաքային գործողություններ սկսել Սիրիայի հյուսիսում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը ևս մեկ անգամ զգուշացրել է, որ թուրքական բանակը կարող է ցամաքային գործողություններ սկսել Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդերի դեմ։
Ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների հետ՝ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ ցամաքային գործողությունը կարող է սկսվել ճիշտ ժամանակին։
Նախօրեին Էրդողանը նշել էր, որ իր ծրագրերը չեն ներառում Սիրիայի հյուսիսում գործողության պլանների քննարկումը ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հետ։
«Ես մտադիր չեմ թույլտվություն ստանալ այդ երկրներից»,- ասել է Թուրքիայի ղեկավարը՝ պատասխանելով լրագրողների հարցին։