«Որ արդարացվեին՝ փաստաթուղթը կստորագրվեր». ըստ Ալեն Սիմոնյանի՝ ՀԱՊԿ-ից ունեցած սպասելիքները չարդարացվեցին
ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, և ռազմական օգնության ակնկալիքից զերծ, նաև կարող են լինել քաղաքական գնահատականի սպասումներ։ Եվ այդ քաղաքական գնահատականը բավարար չի եղել, դրա համար որոշում է կայացվել չստորագրել հայտարարությունը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Երևանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովին և այն խնդրին, որ փաստաթուղթ չստորագրվեց:
«Այսօր երրորդ երկրի զորքերը գտնվում են ՀԱՊԿ տարածքում։ Ես չգիտեմ, թե դրա հետ ՀԱՊԿ երկրները ոնց են մերվում կամ ոնց են դրա շարունակությունը տեսնում», - ասաց Սիմոնյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե ՀԱՊԿ-ից ունեցած սպասելիքները չարդարացվեցի՞ն՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց.
«Որ արդարացվեին՝ փաստաթուղթը կստորագրվեր»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Նա նաև նկատեց, որ մտավախություն կա, թե ՀԱՊԿ-ն է տարածաշրջանը կլքի։
«Մեր ընկերներին պետք է հարց ուղղվի՝ արդյո՞ք ՀԱՊԿ-ը որոշել է լքել անդրկովկասյան այս տարածքը, թե՞ ոչ։ Եթե լքել է, պետք է առնվազն դրա մասին բարձրաձայն ասվի։ Այնուամենայնիվ, մենք միայն այդ կառույցի քայլերին չէ, որ սպասում ենք, մենք ինքնուրույն գործողություններ ենք իրականացնում մեր սահմանների անվտանգությունն ապահովելու առումով»,-ասաց Սիմոնյանը: