Ռուսաստանը շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև «խաղաղության պայմանագրի» ստորագրմամբ․ Լավրովը՝ Բայրամովին (տեսանյութ)
Մոսկվան կօգնի կապեր հաստատել հասարակական կառույցների, քաղաքագետների, Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանականների միջև։ Ռուսաստանը շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև «խաղաղության պայմանագրի» ստորագրմամբ։ Այս մասին գրում է Sputnik գործակալությունը՝ հղում տալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որը նա արել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ։
Լավրովի խոսքով՝ Մոսկվայում բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերին, 2021 թվականի հունվարին, նոյեմբերին և այս տարվա հոկտեմբերի վերջին՝ Սոչիում կայացած վերջին գագաթնաժողովի ժամանակ։
«Մենք շահագրգռված ենք անել հնարավոր ամեն ինչ՝ հեշտացնելու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանների սահմանազատումը, «խաղաղության պայմանագրի» կնքումը և, ընդհանրապես, վստահության ամրապնդման միջոցների ամրապնդումը, այդ թվում՝ հասարակական կառույցների, քաղաքագետների, խորհրդականների միջև շփումների զարգացման միջոցով»,- ասել է Սերգեյ Լավրովը։