Հայաստանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Ալեն Սիմոնյան
Հայաստանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, սակայն Երևանը մտահոգված է հանրապետության նկատմամբ կազմակերպության վերաբերմունքով: Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը, այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով մարդիկ են զոհվում։ ՀԱՊԿ-ի որոշակի պասիվությունը, ինչպես նաև մեր որոշ դաշնակիցների պաշտոնական հայտարարությունները պատճառ են դարձել, որ Հայաստանում հասարակական տրամադրությունները զգալի փոփոխությունների ենթարկվեն»,- նշել է Սիմոնյանը։
«Մենք երբեք հայտարարություններ չենք արել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։ Ասել ենք, որ ՀԱՊԿ-ը լքում է տարածաշրջանը և սա մեզ շատ մտահոգում է։ Կարծես թե Հայաստանի տարածքը ՀԱՊԿ-ի համար հավասար ռազմավարական նշանակություն չունի, մինչդեռ մեծ ուշադրություն է դարձվում Արևելյան Եվրոպայի տարածաշրջանին և Կենտրոնական Ասիային»,- ասել է Սիմոնյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և ՀԱՊԿ ԽՎ տասնհինգերորդ լիագումար նիստի ժամանակ։