Հուսով ենք, որ Հայաստանը նույնպես խելքի կգա. Չավուշօղլու
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով օգուտ կստանա այն նախագծերից, որոնք կանցնեն այդ երկրով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտնել էր, որ Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները եղել են սահմանի երկու կողմերում և նույնիսկ ճաշել են Հայաստանի տարածքում: Քալընի խոսքով ՝ քննարկվել են այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն սահմանների բացման ժամանակ, ինչպես նաև կամուրջների վերանորոգման, սահմանային վերահսկողության, անցակետերի հետ կապված հարցեր։
«Հուսով ենք, որ Հայաստանը նույնպես խելքի կգա և նույնպես կշահի նախագծերից, որոնք կանցնեն այդ երկրով», - Չավուշօղլուի խոսքերը մեջբերել է «Անադոլու» գործակալությունը։
Թուրքիայի և Հայաստանի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, երկու երկրների միջև սահմանը փակվել է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ: