«5-րդ ալիք» ՀԸ-ն հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի
«Փաստինֆո»-ն գրում է. «5-րդ ալիք» ՀԸ-ն հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանն ԱԺ-ում «5-րդ ալիք» ՀԸ լրագրող Արփի Սուքիասյանի հարցից հունից դուրս էր եկել և ասել․ «Ձեր սեփականատերը գող է ու ավազակ, ոչ մի բան չի արել այս երկրի համար, միլիարդավոր դոլարներ ունի»։ Խաչատուր Սուքիասյանը նաեւ ասել էր, թե ինքն ապօրինի գույք չունի, իսկ «5-րդ ալիքի» սեփականատերն ունի ապօրինի գույք։
Դատական-տեղեկատվական համակարգի համաձայն՝ «Շարկ» ՍՊԸ-ն նոյեմբերի 25-ին հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի՝ պահանջելով պարտավորեցնել Սուքիասյանին՝ հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, ինչպես նաև փոխհատուցում՝ ոչ նյութական վնասի համար։ Հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանին։