Ադրբեջանը խեղաթյուրում է պայմանավորվածությունները. Արարատ Միրզոյանը՝ Ալիևի և Փաշինյանի հանդիպման մասին
Ադրբեջանական կողմը հերթական անգամ խեղաթյուրում է պայմանավորվածությունները: Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ալիևի կողմից Փաշինյանի հետ հանդիպումը չեղարկելուն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը չի կայանա, քանի որ դրան Ֆրանսիան էլ է մասնակցելու։
Արարատ Միրզոյանի խոսքով՝ գործ ունենք պայմանավորվածությունների տարբեր մեկնաբանությունների հետ:
«Հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի էր ունեցել քառակողմ հանդիպում` Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահի, ԵԽ նախագահի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։ Այդտեղ ձեռք էր բերվել պայմանավորվածություն հաջորդ հանդիպման համար։ Եթե 4 հոգի պայմանավորվում են հանդիպման համար, ենթադրվում է, որ հաջորդ հանդիպմանն էլ նրանք պետք է լինեն: Սրանից հետո Ադրբեջանը հրաժարվում է այս ձևաչափով հանդիպմանը մասնակցել: Սա, կարծում եմ, ապակառուցողական քայլ է, այս պահին ղեկավարների հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա»,–ասել է Միրզոյանը։