«Հայաստան» դաշինքից 6 անդամ հրաժարվել է պատգամավորական մանդատը վերցնելուց. ԿԸՀ-ն մանդատներ տրամադրեց 4 նոր պատգամավորի
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատգամավորական մանդատներ տրամադրեց Մհեր Սահակյանին, Արփինե Վարդանյանին, Արման Ղազարյանին ու Իրինա Գասպարյանին («Հայաստան» խմբակցություն), «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի 6 թեկնածուներ ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել՝ այսպիսով հրաժարվելով մանդատներից:
Այսօրվա` դեկտեմբերի 8-ի նիստում ԿԸՀ-ն նախ կորցրած ճանաչեց «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորների թեկնածուներ Ռիմա Ղազարյանի, Ռուբեն Մելքոնյանի, Ռոբերտ Հայրապետյանի, Մարիա Պետրոսյանի, Սայաթ Շիրինյանի, Դավիթ Սահակյանցի գրանցումը՝ նրանց ինքնաբացարկի դիմումների հիման վրա:
Հիմք ընդունելով ԱԺ նախագահի՝ «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների՝ լիազորությունները դադարած համարելու արձանագրությունները՝ ԿԸՀ-ն նրանց մանդատները տրամադրեց «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուներին: Այսպիսով խորհրդարանում Արամ Վարդևանյանին կփոխարինի Մհեր Սահակյանը: Վահե Հակոբյանի մանդատը տրամադրվեց Արփինե Վարդանյանին, Հռիփսիմե Ստամբուլյանի մանդատը՝ Արման Ղազարյանին, Ելենա Կիրակոսյանի մանդատը՝ Իրինա Գասպարյանին: