Բերդի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանն ազատ կարձակվի
Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը շուտով ազատության մեջ կլինի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Հարություն Մանուչարյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հարություն Մանուչարյանի պաշտպան Արման Թամրազյանը։
Բերդ համայնքի նախկին ղեկավարի անազատության մեջ գտնվելու ժամկետը լրանում է նոյեմբերի 10–ին։ Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը ձերբակալվել էր նոյեմբերի 10-ին, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Դատարանը նոյեմբերի 11-ին բավարարել էր Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը և Հարություն Մանուչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը։
Հարություն Մանուչարյանին մեղադրանք է ներկայացվել հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 1–ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314–րդ հոդվածի 1–ին (պաշտոնեական կեղծիքը) մասերի հատկանիշներով։ Նրա վերաբերյալ վարույթով նախաքննությունը շարունակվում է։
Հարություն Մանուչարյանի պաշտպան Արման Թամրազյանն ասել էր, որ քրեական վարույթը իրականացնող մարմինը դիտավորյալ գործը որակել է ծանր, սխալ հոդվածով, որպեսզի վաղեմության ժամկետները չանցնեն ու Հարություն Մանուչարյանին կալանավորեն։