Ջերմուկում կյանքը չի վերականգնվել. ամանորյա օրերի համար քիչ ամրագրումներ են արվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ամանորին քիչ ժամանակ է մնացել, եւ ավանդաբար այս օրերին Երեւանից դուրս գտնվող հանգստյան տներում ազատ տեղեր գտնելն անհնար էր լինում: Հայաստանում, պատերազմական իրավիճակով եւ սեպտեմբերյան իրադարձություններով պայմանավորված, կյանքն իսկապես կանգ է առել, հատկապես՝ այն վայրերում, որտեղ կատարվել են այդ գործողությունները: Խոսքը մանսավորապես ակտիվ տուրիստական գոտի Ջերմուկ քաղաքի, Սյունիքի մի քանի համայնքների մասին է: Իշխանությունների այն հավաստիացումները, թե այդ վայրերում կյանքը վերսկսվել է, այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս պահի դրությամբ Ջերմուկ քաղաքի հյուրանոցներում, ռեստորաններում եւ հանգստի այլ վայրերում բնականոն կյանքը չի վերականգնվել, եւ անգամ 30 տոկոս ամրագրում առկա չէ հյուրանոցների կամ առողջարանների. մարդիկ վախենում են և ցանկություն չունեն այնտեղ գնալու և Ամանորն անցկացնելու: Այստեղ վստահաբար նաև պետական քաղաքականություն է պետք, եւ ճիշտ կլինի, որ պատկան գերատեսչությունների ղեկավարները հորդորեն իրենց աշխատակիցներին գնալ Ջերմուկ՝ փորձելով աշխուժացնել հենց այնտեղի կյանքը»:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: