Թուրքիան այլևս դրսի պատվերով գործող պետություն չէ, այլ երկիր, որն ինքն է ուղղորդում և հրամաններ տալիս մյուսներին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկրի հյուսիսում՝ Սամսուն նահանգում մի շարք օբյեկտների բացման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է պայքարել իր շահերի ու ապագայի համար: Այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը։
Նրա խոսքով՝ Անկարայի հակառակորդները չեն հրաժարվում Թուրքիայի զարգացման համար խոչընդոտներ ստեղծելու փորձերից։
«Նրանք մոռանում են, որ ժամանակակից Թուրքիան այլևս պատվերով գործող պետություն չէ, այլ երկիր, որն ինքն է ուղղորդում և հրամաններ տալիս մյուսներին։ Հակաթուրքական սցենարների փլուզման բանալին ժողովրդի և իշխանությունների միասնությունն է»,- ընդգծել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր համաշխարհային ճգնաժամ հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ Թուրքիայի հզորությունը։
«Վերջին 20 տարիների ընթացքում Թուրքիայի տնտեսությունը եռապատկվել է, բայց դա բավարար չէ։ Մենք կրկնապատկելու ենք ՀՆԱ-ն՝ Թուրքիան ընդգրկելով աշխարհի առաջատար տնտեսությունների տասնյակում»,- ասել է նա։
Էրդողանը վստահ է, որ Թուրքիան դարձել է մի պետություն, որի գործողություններին հետևում են ամբողջ աշխարհում։ Նրա խոսքով՝ Թուրքիայի ներդրման շնորհիվ է բացվել «հացահատիկային միջանցքը», որով գյուղատնտեսական արտադրանքն առաքվում է աշխարհի տարբեր ծայրեր: