Արցախը նաև օդային հաղորդակցություն չունի աշխարհի որևէ կետի կետ․ ըստ Արցախի ՄԻՊ-ի՝ շրջափակումն իրականացվում է Ալիևի ուղիղ հրահանգով
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը մամուլի ասուլիսում միջազգային դերակատարների, իրավապաշտպան և միջկառավարական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ փաստացի այս պահի դրությամբ Արցախում 120 000 մարդ գտնվում է շրջափակման մեջ։
«Պետք է հատուկ ընդգծենք այն հանգամանքը, որ Արցախն օդային հաղորդակցություն չունի աշխարհի որևէ կետի կետ։ Մարդու իրավունքների մասին միջազգային իրավունքը հստակ ամրագրում է, որ որևէ վայրկյան չպետք է խաթարվեն կենսաապահովման համար անհրաժեշտ պայմանները, իսկ մենք տեսնում ենք, որ 24 ժամ շարունակ խաթարված է Արցախում ապրող մարդու ամենատարրական իրավունքը»,- ասաց Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ դա իրականացվում է Ադրբեջանի իշխանության և անձամբ Ադրբեջանի նախագահի ուղղորդմամբ ու նրա հրահանգներով։
«Այն թեզերը, որոնք շրջանառվում են՝ բնապահպանական և այլն, ամբողջությամբ կեղծ են, և կա տեղեկատվություն, որ ճանապարհը փակողները հիմնականում ադրբեջանական իշխանությունների կողմից ուղղորդվողներն են, այդ թվում նաև՝ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը։