ՌԴ խաղաղապահները ուժ կիրառելու մանդատ ունեն, նրանց գործողությունները գնահատում եմ «ոչ բավարար». Արծվիկ Մինասյան
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ոչ բավարար է գնահատում ՌԴ խաղաղապահների գործողությունները Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակելու հետ կապված: Այդ մասին նա ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Ոչ բավարար եմ գնահատում: Հարկավոր է շատ ավելի կոշտ միջոցներ կիրառել: Ուժ կիրառելու մանդատը կա և այդ մանդատը գալիս է մարդու հիմնարար իրավունքների ապահովման հրամայականից, և այդ մանդատը Ռուսաստանն ունի որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ, ունի նաև որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահության անդամ և ի վերջո ունի նաև որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարևորագույն երաշխավորներից մեկը: Այդ մանդատը կա և այն պետք է շատ ավելի ամրացվի, բայց այդ մանդատի ամրացման համար Հայաստանի պաշտոնական տեսակետն էլ պետք է օգնի»,- ասաց պատգամավորը: