Ես դեռևս չեմ ցանկանում Հայաստանի իշխանությունների գործողություններին անդրադառնալ, բայց հույս ունեմ, որ շատ ավելի գործնական քայլեր կցուցադրեն․ Արտակ Բեգլարյան
Ես դեռևս չեմ ցանկանում Հայաստանի իշխանությունների գործողություններին անդրադառնալ։ Այս մասին այսօր ՄԱԿ-ի գրասենյակի առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Ես իմ կարծիքը, իմ խորհուրդները իրենց ներկայացրել եմ տարբեր ձևաչափերով, բայց, բնականաբար, Հայաստանի իշխանությունից ակնկալում եմ, որ բոլոր հնարավոր գործիքակազմերը պետք է կիրառեն, որովհետև, այո, Հայաստանի Հանրապետությունը պատասխանատվություն ունի հայ ժողովրդի և Արցախի հանդեպ։ Մնացածը, ըստ կարիքի, կանդրադառնամ»։
Նա նշեց, որ այժմ իր նստացույցի հիմնական հասցեատերերը միջազգային հանրությունն է՝ ի դեմս ՄԱԿ-ի կառույցների և ՄԱԿ-ի ԱԽ մշտական 5 անդամների և ամբողջ մեր հասարակությունն ու հայ ժողովուրդը։
«Հայաստանի իշխանությունները, հույս ունեմ, որ շատ ավելի հստակ, շատ ավելի գործնական քայլեր առաջիկա օրերի կցուցադրեն, որպեսզի մենք համոզված լինենք, որ հնարավորության սահմանում ամեն ինչ արվում է»,- ասաց արցախցի պաշտոնյան։
Ըստ Բեգլարյանի՝ ՀՀ-ն, ՀՀ իշխանությունները գլխավոր դերակատարներից են, որ պետք է Արցախի պաշտպանության, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկեն։