Կրեմլից բազմիցս լսել ենք Խորհրդային Միությունը վերստեղծելու կոչեր. Մոլդովայի նախագահ
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ասել է, որ Կրեմլից բազմիցս լսել է Խորհրդային Միությունը վերստեղծելու կոչեր։ Նրա խոսքով՝ Մոլդովան չի ցանկանում նման սցենարով գնալ, այլ ընտրում է ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը։
«Մոսկվայում մի քանի անգամ լսել եմ, որ ուզում են վերականգնել Խորհրդային Միությունը։ Մենք չենք ցանկանում վերադառնալ Խորհրդային Միություն։ Մենք ցանկանում ենք ապրել ազատ հասարակության մեջ, ժողովրդավարական երկրում»,- ասել է Սանդուն RFI-ի ռումինական խմբագրությանը տված հարցազրույցում:
Նրա խոսքով, Կրեմլը ցանկանում է ունենալ ռուսամետ կառավարություն Քիշնևում, և դրան հասնելու համար օգտագործում է վճարովի բողոքի ցույցեր և ստեղծում արհեստական էներգետիկ ճգնաժամ՝ առանց օրինական հիմքերի նվազեցնելով գազի մատակարարումները։