ՄԱԿ-ի գրասենյակից ասացին՝ մենք նման որոշումներ չեն կայացնում, պահանջները կփոխանցվեն Նյու Յորք. Արտակ Բեգլարյան
Երևանում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ նստացույց անող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Արցախի նախկին ՄԻՊ, Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Քրիսթինե Վայգանդի հետ հանդիպում ունենալուց հետո արդյունքների մասին տեղեկացրեց լրագրողներին։
«Մեր դիրքորոշումներն ու հարցերը ներկայացրեցինք։ Գլխավոր ասելիքն իր կողմից այն էր, որ մեր բոլոր հայտարարությունները, նամակները բոլորը փոխանցում են Նյու Նորք։ Նյու Նորքի կենտրոնակայանում տեղյակ են այս բողոքի ակցիաներից և տեղյակ են նաև մեր պահանջներից։ Մենք պայմանավորվեցինք էլեկտրոնային տարբերակով մեր դիրքորոշումներն ու պահանջները կփոխանցենք իրենց, իրենք դա էլ կփոխանցեն կենտրոնակայան։ Այդ հարցերը քննարկելուց հետո մեզ տեղյակ կպահեն որոշումների մասին։
Մի քանի ուղղությամբ հարց ենք բարձրացրել, այդ թվում անվտանգության խորհրդի, նաև մարդու իրավունքների պաշտպանության տարբեր մարմինների հետ կապված, այդ թվում ՄԱԿ-ի մարդու իրվունքների բարձր հանձնակատարի լռության պատճառներից ենք հետաքրքրվել և հնարավորություններից, թե ինչպես ՄԱԿ-ի տարբեր մարմիններ կարող են առաքելություն իրականացնել Արցախում։
Պատասխանն այն էր, որ իրենք այստեղ նման որոշումներ չեն կայացնում, լիազորված չեն, պարզապես փոխանցում են մեր դժգոհության ձայնը և մեր պահանջները»,- նշեց Բեգլարյանը։
Նա տարակուսանք հայտնեց, որ 5 օր շարունակ տեղյալ լինելով Արցախի իրավիճակի մասին, որևէ հրապարակային անդրադարձ չկա։
Նրա խոսքով՝ պայքարը շարունակելու են՝ նաև ճնշում գործադրելով ՄԱԿ-ի անդամ երկրների վրա, որպեսզի երկարաժամկետ լուծումների հասցնեն։