Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներ. պատրաստ ենք ստորագրել այդ պայմանագիրը. Փաշինյան
Ադրբեջանը շարունակում է փորձերը՝ մեղադրել Հայաստանին իր ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ. nման փորձերը սին են ու հիմնազուրկ: Կառավարության այսօրվա նիստի օրակարգը հաստատելուց առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանը վերականգնել է գազամատակարարումը, բայց շարունակում է փակ պահել ճանապարհը: Ըստ Փաշինյանի, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը բավականին մեծ միջազգային արձագանք է ստացել:
«Նախորդ օրը կարևորագույն քննարկում տեղի ունեցավ ՄԱԿ-ի ԱԽ նիստում, տարբեր երկրներ ու միջազգային կազմակեպություններ շարունակում են հստակ գնահատական հնչեցնել ստեղծված իրավիճակին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել հստակ գնահատական հնչեցրած բոլոր երկրներին ու միջազգային կազմակերպություններին, շնորհակալություն եմ հայտնում նաև հայաստանյան ու սփյուռքի այն կազմակերպություններին, անհատներին, ովքեր ջանքեր են գործադրում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի միջազգային տեսանելիության աճի համար։ Մեր միասնական ջանքերն այս ուղղությամբ պետք է ավելի մեծացնել», - նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման գործում միջազգային հանրության ակտիվությունը պետք է էականորեն մեծանա. ակտիվորեն պետք է աշխատել ԼՂ ու Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի, կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ։
Փաշինյանը տեղեկացրեց, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկները։
«Պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը։ Հույս ունեմ՝ Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի», - ասց նա: