Ժոզեֆ Բորելն ու Ջեյհուն Բայրամովը խոսել են Լաչինի միջանցքի մասին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բողոքի ակցիաները, Հայաստանում Եվրամիության առաքելությունը, ինչպես նաև Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցության ընթացիկ օրակարգի արդի հարցերը:
Բայրամովը նշել է, որ Լաչինի ճանապարհին խաղաղ ցույց անցկացրած ադրբեջանցիների արդարացի բողոքի պատճառը Լեռնային Ղարաբաղում օգտակար հանածոների հանքավայրերի ապօրինի շահագործումն է և բնապահպանական խնդիրները, ինչպես նաև Լաչինի ճանապարհի չարաշահումը, որը նախատեսված է միայն մարդասիրական նպատակներով։ Մասնավորապես, ընդգծվել է Ադրբեջանի ազգային օրենսդրությանը հակասող անօրինական գործողությունների դադարեցման կարևորությունը։
Բորելը նշել է, որ տարածաշրջանում առկա լարվածությունը մտահոգության տեղիք է տալիս՝ ընդգծելով երկու երկրների միջև առկա խաղաղության օրակարգին նվիրվածության կարևորությունը: