Գալուստ Սահակյանը գիտեր իր առաքելությունը և լիարժեքորեն ծառայել է իր պետությանը. Տիգրան Թորոսյան
Գալուստ Սահակյանի հետ մենք 1993-1994 թվականներից ծանոթ էինք, մի ողջ կյանք միասին անցանք: Այս մասին Գալուստ Սահակյանի հոգեհանգստի արարողության ժամանակ նշեց քաղաքական գործիչ Տիգրան Թորոսյանը:
«Գալիս է մի ժամանակ, երբ մենք երկրային կյանքից հեռացողների հետ կամա, թե ակամա վերհիշում ենք մեր պետության անցած ճանապարհը։ Ի վերջո, մարդիկ, որոնք 1990-ականներից են եղել այս ընթացքի մեջ, պետության հետ ապրել են բոլոր օրերը՝ և՛ հրաշալի հաղթանակների, և՛ ձախողումների, և ՛ դժբախտ օրերի, այնպես, ինչպես ցանկացած պետության կյանքում լինում է։ Այս առումով կարծում եմ՝ Գալուստ Սահակյանն ապրել է շատ լիարժեք, ամբողջական կյանք ՝ ողջ ընթացքի մասնակիցն ու դերակատարը լինելով։ Քանի որ ոչ ոք չի կարող ասել, թե որքան է իր կյանքը երկրի վրա, պետք է այդ կյանքն ապրել լիարժեք, զգալ պատասխանատվություն, եթե կարևոր պաշտոններ ես զբաղեցնում և ծառայել պետությանը։ Կարծում եմ՝ Գալուստ Սահակյանը գիտեր իր առաքելությունը և լիարժեքորեն ծառայել է իր պետությանը»,-ասաց նա: