Զանգեզուրն ու Երևանը Հայաստանին «նվեր են տվել» Խորհրդային իշխանությունները. Ալիևը գերազանցում է իր իսկ ստերը
Ե՛վ այն ժամանակ, և՛ այսօր կան այնպիսի մարդիկ, ովքեր փորձում են տարբեր պատճառներով բացատրել «Երևանի նվերը հայերին»։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մի խումբ մտավորականների հետ հանդիպմանը։
Ոգևորվելով սեփական ստերից ու հավանաբար ինքն էլ սկսելով հավատալ իր մտավարժանքներին, նորաթուխ ազգի ղեկավարը շարունակել է.
«1920 թվականին խորհրդային կառավարության որոշմամբ և հայ «ազգայնականների» պնդմամբ նրանք անջատեցին Ադրբեջանից և Հայաստանին միացրին «մեր մյուս պատմական հողը՝ Զանգեզուրը»։ Սա հերթական «հանցագործությունն» էր մեր ժողովրդի դեմ։ Այս որոշման նպատակը նույնպես բավականին պարզ էր. նախ՝ հայ «ազգայնականները» կարևոր պաշտոններ էին զբաղեցնում խորհրդային կառավարությունում։ Մյուս կողմից, դա աշխարհագրական տեսանկյունից քայլ էր դեպի Նախիջևանից և Թուրքիայից Ադրբեջանի անջատումը»,- բարբաջել է նա։