ԱՄՆ-ում Պուտինին հորդորել են ճանաչել իրականությունը
ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, ով նախօրեին առաջին անգամ Ռուսաստանի Դաշնության լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա անվանել է պատերազմ, այլ ոչ թե հատուկ ռազմական գործողություն, հայտնում է AFP-ն։
«Փետրվարի 24-ից Միացյալ Նահանգները և մնացած աշխարհը գիտեն, որ Պուտինի հատուկ ռազմական գործողությունը չհրահրված և չարդարացված պատերազմ էր Ուկրաինայի դեմ։ Վերջապես, 300 օր անց Պուտինը պատերազմ անվանեց»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակը:
«Որպես իրականության ճանաչման հաջորդ քայլ՝ մենք նրան կոչ ենք անում դադարեցնել այս պատերազմը՝ դուրս բերելով զորքերը Ուկրաինայից»,- հավելել է նա։
ԱՄՆ ԱԳՆ-ն ընդգծել է, որ, անկախ Պուտինի օգտագործած բառերից, Ռուսաստանի ագրեսիան իր ինքնիշխան հարեւանի նկատմամբ հանգեցրել է մարդկանց մահվան, ոչնչացման և տեղահանման։