Վրացական հատուկ ծառայությունը խոսել է Սաակաշվիլիի հնարավոր թունավորման մասին
Վրաստանի հատուկ քննչական ծառայությունը շարունակում է թափանցիկ հետաքննությունը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հնարավոր թունավորման վերաբերյալ և կանի ամեն ինչ, որպեսզի հետաքննության բոլոր հարցերին տրվեն սպառիչ և ողջամիտ պատասխաններ, հայտնում է Sputnik Գրուզիան՝ վկայակոչելով գերատեսչության հայտարարությունը։
Քննչական գործողությունների շրջանակում դեկտեմբերի 2-ին Սաակաշվիլիից նմուշներ են վերցվել կենսաբանական հետազոտությունների համար, որոնց հիման վրա նույն օրը որոշում է կայացվել քիմիական-թունաբանական փորձաքննություն նշանակելու մասին։
Հետաքննության կողմից բարձրացված հարցերի պատասխանները ստանալու համար Լևան Սամխարաուլիի դատաբժշկական գիտությունների ազգային բյուրոն պահանջել է արյան լրացուցիչ հետազոտության նմուշներ ներկայացնել, ինչից Սաակաշվիլին և նրա փաստաբանները հրաժարվել են։
Այն ժամանակ փաստաբանները բացատրեցին, որ այս հետազոտությունը հնարավոր է եղել միայն մազերի և եղունգների նմուշների հիման վրա։