Բայրամովը մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական անցած տարվա բանակցություններից
«Ամբողջ անցնող տարվա ընթացքում Ադրբեջանը վարել է բաց, անկախ արտաքին քաղաքականություն՝ իր ազգային շահերին համապատասխան», - ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը 2022 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Ջեյհուն Բայրամովը, Ադրբեջանի ԱԳՆ-ի առջև ծառացած գլխավոր, եթե ոչ ամենագլխավոր խնդիրներից մեկը մնում է հետկոնֆլիկտային շրջանի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը և երկկողմ խաղաղության ձեռքբերումը։
Ջեյհուն Բայրամովը կարևորել է հոկտեմբերի սկզբին Պրահայում կայացած քառակողմ բանակցությունները, որտեղ հայտարարություն է ընդունվել փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման մասին՝ համաձայն Ալմաթիի 1991թ. հռչակագրի, ինչպես նաև Սոչիում ավելի ուշ եռակողմ բանակցությունների։
Արտգործնախարարի խոսքով՝ դեռ 2022 թվականի սկզբին Ադրբեջանը հինգ հիմնարար սկզբունքների հիման վրա պատրաստել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի վերջնական նախագիծը, որը հայկական կողմին է փոխանցվել Ժնևում արտգործնախարարների բանակցությունների ժամանակ։
«Այդ նախագծի շուրջ բանակցությունները ծրագրվում էր շարունակել դեկտեմբերի 23-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ։ Սակայն հայկական կողմը, ինչպես գիտեք, հրաժարվել է մասնակցել այս հանդիպմանը»,-ասել է նա:
Միաժամանակ, ըստ Ադրբեջանի արտգործնախարարի, Մոսկվայում նախատեսված հանդիպումից երկու օր առաջ, դեկտեմբերի 21-ին, հայկական կողմը ծանուցել է Բաքվին, որ պատրաստել է խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնական տարբերակը, որը ներառում է նոր առաջարկներ։
Ադրբեջանի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ խաղաղության համաձայնագրի նախագիծը պետք է հիմնված լինի հինգ հիմնարար սկզբունքների վրա, որոնք տարեսկզբին ներկայացվել են Ադրբեջանի կողմից, ինչպես նաև հրապարակայնորեն ընդունվել է Հայաստանի կողմից։