ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ-ի առջև բարդ խնդիրներ են ծառացել մեծ աշխարհաքաղաքական մարտահրավերների ֆոնին, սակայն այն այլընտրանք չունի: Այս մասին «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, հայտարարել է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը:
«Աշխարհն ականատես է մեծ աշխարհաքաղաքական մարտահրավերների, և շատ բարդ քաղաքական, տնտեսական և այլ խնդիրներ պետք է լուծվեն: ՀԱՊԿ-ի առջև ոչ պակաս բարդ խնդիրներ են դրված: Այս բոլոր մարտահրավերներն ու խնդիրները ազդում են մեր կազմակերպության առանցքային դերի, հեղինակության և կարողության վրա՝ տարածաշրջանային անվտանգության ապահովման համար արդյունավետ մեխանիզմ լինելու հարցում... Ես խորապես համոզված եմ, որ ՀԱՊԿ-ն այլընտրանք չունի, այն ի վիճակի է լուծել իր առաջ դրված խնդիրները»,-ասել է Թասմագամբետովը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ քարտուղարության և մշտական խորհրդի անդամների հանդիպման ժամանակ։
Տասմագամբետովի թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրվել է Ղազախստանի ղեկավարության կողմից և հաստատվել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ։ Նա կպաշտոնավարի երեք տարի՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։