Գերասիմ Վարդանյանի տանը խուզարկությունն են իրականացրել. նրան հրավիրել են հարցաքննության. իսկ ՀՅԴ ևս 4 անդամ բերման է ենթարկվել
ՀՅԴ մի քանի անդամների, այսօր՝ հունվարի 11–ին, բերման են ենթարկել։ Այս մասին NEWSPRESS.am-ին հայտնեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա տեղեկացրեց, որ առավոտյան իրավապահները խուզարկություն են իրականացրել ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի տանը։ Նա հրավիրվել էր Քննչական կոմիտեի Արարատի մարզային վարչություն՝ հարցաքննության:
Թե կոնկրետ ինչ գործով է խուզարկություն իրականացվել և ինչ գործի շրջանակում է հարցաքննվել Գերասիմ Վարդանյանը՝ Մանուկյանը դեռևս չգիտեր:
«Հիմա ճանապարհին եմ, այնտեղ եմ գնում»,- ասաց պատգամավորը՝ տեղեկացնելով նաև, որ ՀՅԴ-ական ևս 4 անդամի բերման են ենթարկել: Կոնկրետ ում և ինչ գործով՝ Գեղամ Մանուկյանը դարձյալ չկարողացավ հստակ պատասխանել:
«Հասնեմ տեղ, հասկանամ, կասեմ»,- ասաց նա: