Ադրբեջանի ու Վրաստանի միջև կան ամուր, փորձված հարաբերություններ․ Ղարիբաշվիլի
Վրաստանի և Ադրբեջանի հարաբերությունները անցել են ժամանակի փորձությունը, և փոխադարձ վստահությունը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա։ Ինչպես հայտնում APA գործակալությունը՝ այս մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում «Միջին Եվրասիական միջանցք. ճանապարհից դեպի մայրուղի» թեմայով պանելային հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նա ընդգծել է, որ երկու երկրները միասին իրականացնում են ռազմավարական նշանակության բազմաթիվ ծրագրեր։ Վարչապետը նշել է, որ ներկայումս Վրաստանն ու Ադրբեջանը աշխատում են Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղային գծի հաղորդունակությունը տարեկան 48 մլն տոննայի հասցնելու ուղղությամբ։
«Մենք այժմ արդիականացնում ենք այս գիծը։ Ծրագիրը կավարտվի մինչև 2024 թվականի վերջ, և այդ փուլում հզորությունը կհասցվի 48 միլիոն տոննայի։ Սրանք շատ ռազմավարական նշանակության օբյեկտներ են։ Կցանկանայի նշել նաև Վրաստանի և Ադրբեջանի հարաբերությունները։ Մեր հարաբերությունները անցել են ժամանակի փորձությունը։ Վստահությունը ամենաբարձրն է: Միասին մենք իրականացրել ենք շատ կարևոր պատմական նախագծեր, նավթի և բնական գազի խողովակաշարեր, այժմ էլ երկաթուղու նախագիծը և ապագայում շատ այլ նախագծեր»,- ասել է Վրաստանի վարչապետը։