Կանաչ էներգիայի հետ կապված նախագծերը Ադրբեջանին ավելի կմոտեցնեն Եվրոպային․ Իլհամ Ալիև
Ոչ վաղ անցյալում հայտնաբերված կանաչ էներգիայի մեծ ներուժն էլ ավելի է մեծացնում Ադրբեջանի նշանակությունը։ Կանաչ էներգիայի հետ կապված և արդեն իրականացված նախագծերը մեզ կմոտեցնեն Եվրոպային։Ադրբեջանական AZERTAC-ը հաղորդում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս կարծիքը հայտնել է Բուդապեշտում՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի հայտարարության մեջ։
«Ինչպես նշեց իմ սիրելի ընկերը (Վիկտոր Օրբանը-խմբ.), նախորդ ամիս ստորագրված համաձայնագրով Ադրբեջանն իր կանաչ էներգիան կհասցնի Եվրոպա, և այսօր այս հարցերը կրկին քննարկվեցին։ Այս նախագծում ներգրավված երկրները՝ Ադրբեջանը, Վրաստանը, Հունգարիան և Ռումինիան, կհավաքվեն Բաքվում մի քանի օրից կայանալիք առաջին ղեկավար կոմիտեում և կսկսեն աշխատել ապագա գործունեության հայեցակարգի վրա»,- ասել է պետության ղեկավարը։
Ադրբեջանի նախագահն ասել է, որ սա շատ մեծ ներդրումներ և շատ լուրջ համակարգում պահանջող նախագիծ է. «Ուստի փետրվարի 3-ին Բաքվում կայանալիք հանդիպմանը մենք նախնական քայլը կանենք, և այդպիսով եվրոպական մայրցամաքի էներգետիկ անվտանգությունը կապահովվի ավելի ամբողջական և համապարփակ կերպով»,-ասել է նա: