Խորհուրդ է տրվում չայցելել Իրան. Ադրբեջանի ԱԳՆ-ը զգուշացրել է Իրան մեկնել ցանկացողներին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է Իրան մեկնել ցանկացողներին: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Օxu.az-ը՝ այս մասին համապատասխան հայտարարություն է տարածել գերատեսչությունը:
«Հունվարի 27-ին՝ Բաքվի ժամանակով առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում, զինված ահաբեկչություն է տեղի ունեցել Իրանում՝ Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան դեմ։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավար Ասգարով Օրխան Ռիզվան օղլուն, ևս երկու մարդ վիրավորվել է։
Հաշվի առնելով Իրանում տիրող անկայուն իրավիճակը և մեր երկրի դիվանագիտական ներկայացուցչության դեմ իրականացված ահաբեկչությունը, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տրվում չայցելել Իրան, քանի դեռ դրա կարիքը չկա, իսկ այցելողներին խորհուրդ է տրվում ցուցաբերել ծայրահեղ զգուշություն: Իրանում գտնվող Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տրվում պահպանել անվտանգության կանոնները»,-ասվում է ԱԳ նախարարության հայտարարությունում: