Լայնածավալ մարտական գործողությունների համար մեր ուժերը չեն բավականացնի, սա պարզից էլ պարզ է. Արմեն Խաչատրյան
«Ես տեսել եմ, որ զինվորականների բարոյահոգեբանական վիճակը շատ ավելի լավ է, քան՝ 44-օրյայում: Բանակն իր ուժերի վրա ավելի շատ է վստահ, քան՝ 44-օրյա պատերազմի ժամանակ»։ Այս մասին, լրագրողների հետ զրույցում, հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Հարցին՝ բանակը պատրա՞ստ է դիմագրավել էսկալացիային՝ արձագանքեց. «Պետք է թեթև վերլուծություն անենք՝ ինչքա՞ն տարածք ունենք, ինչքա՞ն բնակչություն ունենք, տնտեսական ի՞նչ միջոցներ ու ռեսուրսներ ունի Հայաստանը, ի՞նչ կորուստներ ենք ունեցել և, ամենակարևորը, ո՞ւմ հետ է էսկալացիան լինելու՝ Ադրբեջանի՞, Թուրքիայի՞, թե՞ այլ երկրների»:
Նա վստահեցրեց՝ մի շարք խնդիրներ մեր բանակը ի զորու է ի կատար ածել:
«Բայց լայնածավալ մարտական գործողությունների համար մեր ուժերը չեն բավականացնի, սա պարզից էլ պարզ է: Դրա համար պետք է ունենանք յուրահատուկ պրոֆեսիոնալ բանակ»,- ընդգծեց Արմեն Խաչատրյանը: