Ուկրաինային կործանիչների հնարավոր մատակարարման հարցը ներկայումս Եվրամիության օրակարգում չկա. Բորել
Ուկրաինային կործանիչների հնարավոր մատակարարման հարցը ներկայումս Եվրամիության օրակարգում չկա: Ադրբեջանական AZERTAC-ը հայտնում է, որ այս մասին Բրյուսելում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Europa Press գործակալության փոխանցմամբ՝ նա խոստովանել է, որ կործանիչների հարցը դաշինքի անդամ երկրների միջև կարծիքների տարբերության պատճառ է դարձել։
Մեկնաբանելով Ռուսաստանի դեմ Բրյուսելի պատժամիջոցների նոր փաթեթը՝ քաղաքական գործիչն ընդգծել է, որ Եվրամիության երկրները դիտարկում են սահմանափակումներ՝ ուղղված Արևմուտքի և Ռուսաստանի միջև բոլոր տեխնոլոգիական հարաբերությունները խզելուն։
Հունվարի 30-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը «F-16» կործանիչներ չի ուղարկի Ուկրաինա։ Հաջորդ օրը Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Վոյցեխ Սկուրկևիչն ընդգծել է, որ Կիևին ամերիկյան կործանիչների մատակարարումը պաշտոնական մակարդակով չի քննարկվել։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես հայտարարել են, որ մտադիր չեն Կիևին ռազմական ինքնաթիռ տրամադրել։