Գյուղերը չունեն գազ, լույս, բայց ինձ ասում են՝ մենք կդիմանանք. սա արցախցիների մեծ մասի իրական դիրքորոշումն է. Վարդանյան (տեսանյութ)
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հանդիպել էի իր ընկերների, գործընկերների և համախոհների հետ Արցախից, Հայաստանից և Սփյուռքից, ովքեր «անտարբեր չեն և ճգնաժամային շրջանում շարունակում են մնալ Արցախի և այստեղ ապրող 120 հազար հայության կողքին»։
Սոցցանցում հրապարակված տեսանյութում Վարդանյանը նշել է.
«Ճգնաժամը մեզ ինքնամաքրվելու և հայրենիք, ազատություն, հարգանք, արդարություն արժեքների կարևորությունը հասկանալու հնարավորություն տվեց:
Ադրբեջանը մեծ սխալ թույլ տվեց՝ ընտրելով այս ճանապարհը, քանի որ շրջափակումը հնարավորություն տվեց Արցախի ներսում կրկին զգալ այն էներգիան, որը կար 1988-ին:
Ես տեսնում եմ, որ դիմադրելու էներգիան փոխանցվում է ոչ միայն Արցախի ներսում, այլ նաև ամբողջ հայկական աշխարհում: Ես հաճախ եմ լինում շրջաններում, գյուղերը չունեն գազ, լույս, բայց ինձ ասում են՝ մենք կդիմանանք: Սրանք պարզապես գեղեցիկ խոսքեր չեն, այլ արցախցիների մեծ մասի իրական դիրքորոշումը: Շատ դժվար է, բայց խուճապային տրամադրություններ առհասարակ չկան: Ինքդ քո հանդեպ հարգանք վաստակելու ցանկությունն իսկապես ֆանտաստիկ ֆենոմեն է: Դա զգացվում էր ոչ միայն դեկտեմբերի 25-ի հանրահավաքին, դա զգացվում է ամեն օր, թեև իրավիճակն իսկապես ծանր է»: