Արևմտյան երկրներն իրենց դաշնակիցների պես չեն պահում. Մևլութ Չավուշօղլու
Արևմտյան երկրները, որոնք փակում են իրենց հյուպատոսությունները Թուրքիայում, չեն կատարում իրենց դաշինքային պարտավորությունները։ AZERTAC-ը հայտնում է, որ այս մասին Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Եթե նրանք լինեին մեր դաշնակիցները, մեզ կհայտնեին վտանգի մասին։ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն ու հետախուզական ծառայությունն ասում են, որ կոնկրետ տեղեկատվության փոխանակում չկա»,- ասել է Մևլութ Չավուշօղլուն։
Նախարարի խոսքով՝ այն երկրները, որոնք փակել են իրենց հյուպատոսությունները Թուրքիայում, նույնն են դրդում մյուսներին։
Որոշ ժամանակ առաջ Թուրքիայի ԱԳՆ են կանչվել Անկարայում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, այդ թվում՝ իրենց հյուպատոսությունները փակած երկրների (Բելգիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Նիդեռլանդներ, ԱՄՆ, Ֆրանսիա, Շվեյցարիա, Շվեդիա) դեսպանները։ Նրանց ասվել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունն ապահովվում է միջազգային պայմանագրերի հիման վրա։ Նախարարությունը նաև ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցության կարևորությունը, և որ Արևմուտքի մոտեցումը ծառայում է ահաբեկչական կազմակերպությունների շահերին։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, առանց որևէ ապացույցի, ահաբեկչական սպառնալիքի պատրվակով, արևմտյան որոշ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների փակումն անվանել է «հոգեբանական պատերազմ» Անկարայի դեմ։