Շատ կարևոր է Վրաստանի դերը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև կամուրջ. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության համար ողջունվում է Վրաստանի ցանկությունը՝ կամուրջ հանդիսանալ հարևան երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև, Վրաստանի հանրային հեռարձակողի առաջին ալիքին ասել է Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը մենք խոսել ենք Հայաստանի նախագահի և վարչապետի հետ նրա անձնական մասնակցության և փոխգործակցության, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև նրանց մերձեցման հարցում միջնորդելու նրա ցանկության մասին, մենք սատարում ենք դրան»,- ասաց Կլարը:
Նա հույս է հայտնել, որ ապագայում Եվրամիության և Հարավային Կովկասի երեք երկրների միջև համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի և կսերտանա։
«Շատ կարևոր է, որ Հարավային Կովկասի երեք երկրները միասին աշխատեն և նպաստեն խաղաղությանը, շատ կարևոր է Վրաստանի դերը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև կամուրջ։ Վարչապետը և ես քննարկել ենք այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը, և հուսով եմ, որ ԵՄ-ի և Վրաստանի, ԵՄ-ի և Հարավային Կովկասի երեք պետությունների միջև ապագա համագործակցությունն այս ուղղությամբ ավելի սերտ կլինի»,- ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։