Փորձում են ճանապարհներն ապաշրջափակելու գինը մեզ համար ավելացնել. Նիկոլ Փաշինյան
ՀՀ-ն է 30 տարի եղել շրջափակման մեջ, և ուրիշ ոչ մի պետություն այդ ճանապարհների կարիքը Հայաստանից շատ չունի, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան բոլոր ճանապարհների այլընտրանքն ունեն։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի շրջափակման խնդրին։
«Քանի որ բոլորը դա հասկանում են, փորձում են ճանապարհների բացելու գինը ՀՀ-ի համար ավելացնել։ Այնինչ հայկական կողմն ասում է, որ պետք է իրականացնել այն, ինչ կա եռակողմ հայտարարության մեջ։ Վերջերս Ալիևն ինքն ասաց, որ եռակողմ հայտարարության մեջ «միջանցք» բառ չկա, և ինքն է ներմուծել այդ խոսույթը»,- ասաց նա։
Փաշինյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա «միջանցք» բառը և չկա գրված, որ ՀՀ սուվերենությունը որևէ ձևով կարող է սահմանափակվել։