Անվտանգային նոր համակարգ ստեղծե՞լ են, որ հրաժարվում են ՀԱՊԿ-ից. սա նոր պատերազմի շեմ է մեզ համար. Արմեն Ռուստամյան
«Կա կոնսենսուս, որ ՀԱՊԿ-ը գա, այստեղ կանգնի, Հայաստանն ասել է՝ «քանի իմ ասածը չեք արել, ես սրան դեմ եմ»: Սա ի՞նչ մոտեցում է։ Թող սրան պատասխանեն այսօրվա մեր դիվանագետները»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նրա կարծիքով՝ հենց Հայաստանն է առաջացնում իր անվտանգության հետ կապված խնդիրներն ու Հայաստանն էլ դեմ է եղել, որ ՀԱՊԿ-ը տեղակայվի հայ-ադրբեջանական սահմանին:
«Սա է իրականությունը, որ ասում ենք, ասում են՝ «ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում»: Բա չասե՞նք»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Մյուս կողմից էլ նա ընդգծում է․ «Եթե իշխանությունն ակնարկում է, որ ՀԱՊԿ-ն այլևս անելիք չունի, այդ դեպքում անվտանգային նոր համակարգ ստեղծե՞լ են, որ հրաժարվում են ՀԱՊԿ-ից: Չենք հասկանում սրա կործանարար ընթացքը, սա նոր պատերազմի շեմ է մեզ համար»,- նշեց Ռուստամյանը։