Քերոբյանը ԵԱԶԲ ներկայացուցչի հետ քննարկել է Լարսում լոգիստիկ կենտրոն ստեղծելու հարցը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Վերին Լարսում լոգիստիկ կենտրոն ստեղծելու հնարավորությունը քննարկել է Հայաստանում Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանի հետ։ Քերոբյանն այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Այսօր ընդունել եմ Հայաստանում Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանին։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք ԵԱԶԲ-ի կողմից իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերը և անդրադարձել ենք այն նոր նախագծերին, որոնք կարող են ներդրումային տեսանկյունից հետաքրքրել միջազգային այս կազմակերպությանը։
Քննարկել ենք Վերին Լարսում լոգիստիկ կենտրոնի ստեղծման հնարավորությունը, որը Հայաստանի համար ունի ռազմավարական մեծ նշանակություն։ Անդրադարձել ենք նաև Եվրասիական կոնգրեսին, որը կկայանա հունիս ամսին ՌԴ Սոչի քաղաքում»,- գրել է Քերոբյանը։