Զորանոցի հրդեհի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը երեքշաբթի կվիրահատվի
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանի վերին վերջույթները երեքշաբթի կվիրահատեն:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
Սարգսյանն ասաց, որ կապիտանն առայժմ չի հարցաքննվել, վիրահատությունից հետո կհարցաքննվի:
Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն ևս երեք զինվորականներ, որոնցից երկուսը կալանքի տակ են, մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: