Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցվեց. դատարանը մերժեց միջնորդությունը
ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցվեց։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մերժել է Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Արամ Օրբելյանը՝ նշելով, որ որոշմանը դեռևս ծանոթ չէ։
Ռուբեն Վարդազարյանի պաշտպանները միջնորդել էին դադարեցնել Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը և կարճել վարույթը՝ ՀՀ նոր քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո 2003թ. ընդունված ՔՕ-ն ուժը կորցրել է, ըստ այդմ, ուժը կորցրել է նաև հոդվածը, որով մեղադրանք է առաջադրված Վարդազարյանին։ Նկատի ունենալով, որ անձի վիճակը բարելավող նորմն ունի հետադարձ ուժ, պաշտպանության կողմը գտնում է՝ գործը ենթակա է կարճման, հետապնդումը՝ դադարեցման։
Ռուբեն Վարդազարյանին մեղսագրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, մինչդեռ, գործող Քրեական օրենսգրքում «պաշտոնեական դիրքի չարաշահում» եզրույթ առկա չէ։
Դատարանն այսօր ավարտել է միջնորդության քննարկումը և խորհրդակցական սենյակում որոշում կայացրել՝ այն մերժելու մասին։ Դատական հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 15-ին։