Հայաստանում Ռուսաստանի դեսպանը խոսել է ԵՄ նոր առաքելության մասին
Մեր կարծիքով, իսկապես, նման ներկայության հավելյալ արժեքը մեզ համար տեսանելի չէ։ Այս մասին Sputnik Արմենիա-յի հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մյուս կողմից, մենք լավ գիտենք, թե ինչ գիծ են այժմ հետապնդում մեր արևմտյան գործընկերները, այդ թվում՝ Եվրամիությունը, որն, ըստ էության, դառնում է ՆԱՏՕ-ի կցորդը։ Իսկ Ռուսաստանի նկատմամբ նրանց վերաբերմունքը, նրան ռազմավարական պարտության մատնելու հարցում հայտնի է։ Հասկանալի է, որ համապատասխան գործողություններ են իրականացվում ոչ միայն Ուկրաինայի հետ կապված, այլև ավելի լայն համատեքստում։ Հարցազրույցի ընթացքում ես ուշադրություն եմ հրավիրել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Կարեն Դոնֆրիդի վերջին հայտարարության վրա, որն ուղղակիորեն վերաբերում է Ռուսաստանի և Իրանի, այսպես կոչված, ակտիվացմանը տարածաշրջանում, ինչը ենթադրաբար պահանջում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի արագացում։ Դուք տեսնում եք, թե ինչպես է կառուցվում տրամաբանությունը։ Փաստորեն մտահոգիչը ոչ թե հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերն են, այլ Ռուսաստանի և Իրանի ակտիվացումը տարածաշրջանում», - ասել է դեսպանը։
Այս մոտեցումը, նրա խոսքով, անհանգստացնում է նաև Ռուսաստանին։ Մենք կողմ ենք ցանկացած ջանքերի, քայլերի, որոնք օգնում են հասնել իրավիճակի շտկմանը։ Բայց մենք տեսնում ենք, որ այստեղ խառնված են բոլորովին այլ խնդիրներ, նպատակներ, որոնք չեն նպաստում տևական խաղաղության հաստատմանը։
Կոպիրկինը բացատրել է, որ, չնայած շահարկումներին, չնայած առկա խնդիրներին, Ռուսաստանը մնում է Հայաստանի դաշնակիցը, Հայաստանը ընկալում է որպես իր դաշնակից։