Ամերիկացիները Ալյասկայի վրա անհայտ օդապարիկ են խոցել
Ամերիկացի զինվորականները կործանել են մեքենայի չափսերի հասնող օբյեկտ, որը թռչել է Ալյասկայի վրայով։ Դա տեղի է ունեցել Հարավային Կարոլինայի ափերի մոտ չինական օդապարիկի խոցումից մի քանի օր անց, հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը։
Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ Պաշտպանության նախարարությունը Ալյասկայի վրայով 12 կիլոմետր բարձրության վրա նկատել է օբյեկտ, որը վտանգ է ներկայացնում քաղաքացիական օդանավերի անվտանգության համար։
Օբյեկտը խոցվել է F-22 կործանիչի կողմից, որն օդ է բարձրացել Ալյասկայի Էլմենդորֆ բազայից։ Գործողությունը համակարգել է Հյուսիսային հրամանատարությունը։